Նկարներ

Նկարներ
Ես

вторник, 12 июля 2011 г.

Այստեղ և հիմա


Սյորեն Կիերկեգորն իր պոետիկական-փիլիսոփայական գործերից մեկում` «Ահ ու դող» -ում, վերապատմում է հինկտակարանային մի պատմություն:
Կենտրոնում Աբրահամի` հավատի ասպետի  վարքն է` որպես հավատի բացարձակ ռեալիզացիա, որպես մի այլ, արդեն կայացած տեքստի վերապրում և կտակարանային  հերոսի ներբող, «լիրիկական քնարերգություն»: Բայց այդ ներբող-քնարերգության իրականացման  ճանապարհին պոետ-փիլիսոփան մատնում է իր` կրկնակի անգամ միջնորդավորված տեքստի  թաքուն սխեման և կաղապարը, այն է` ցանկության և հնարավորության թաքուն փոխհարաբերությունը, որ համեմատական է Աբրահամի հավատի ռեալիզացման հետ այստեղ և հիմա:


 Այս սխեմաներն, օրինակ, արտահայտվում են Կիերկեգորի տեքստի այսպիսի ձևակերպումներում, - Ի՞նչ է նշանակում լինել ընտրյալ: Երիտասարդության տարիներին զրկվա՞ծ լինել երիտասարդության ցանկության իրագործումից, մեծ ջանքերով հասնել այդ ցանկության իրագործմանը ծերությա՞ն տարիներին…
Մեծ արարք է` հրաժարվել սեփական ցանկությունից, բայց մնալ դրա մեջ` զրկված լինելով դրա կատարման հնարավորությունից: Աբրահամը, չնայած որ ծեր էր, բավական երիտասարդ էր, որպեսզի ցանկանար հայր դառնալ:

Արտաքին իմաստով հրաշքն այն էր, որ  նրանց (Աբրահամի և Սառայի) ցանկությունն իրագործվեց, իսկ ավելի խոր իմաստով հավատի հրաշքն այն էր, որ Աբրահամն ու Սառան բավական երիտասարդ էին, որպեսզի ցանկանային դա և նաև այն, որ հավատը  նրանց մեջ պահպանեց  ցանկության ուժը և դրա հետ միասին` երիտասարդությունը…

Բայց Աբրահամի հավատը վերաբերում էր հենց այս կյանքին, նա հավատում էր, որ կծերանա այդ հողում, կհարգվի ժողովրդի կողմից, կօրհնվի իր սերունդների համար և անմոռանալի կմնա Իսահակի մեջ, ով իր համար կյանքից էլ թանկ էր: Եվ հավատում էր ոչ թե «այնտեղի»  կյանքի երանությանը, այլ որ կհասնի երանության այստեղ, երկրի վրա և հիմա: 

Աբրահամի պատմությունն ինքն իրենով արդեն արժևորված և կայացած պատմություն է` անկախ դրա մեկնություններից, դրա պատումն ու մեկնաբանությունը հերթագայում են իրար, ինչպես Կիերկեգորի մոտ են հերթագայում  Աբրահամի պատմության վերապրումն ու  վերագնահատումը:


Տեքստը վերաբերում է ոչ այնքան բացարձակ արժեքներ սահմանելուն, որոնք առանց այդ էլ պարզ են, որքան անհնարինություններն ու հրաշքներն «այստեղ ու հիմա»-ի չափ իրական տեսնելու հնարավորությանը: Առաջ է գալիս մի անհրաժեշտություն, որը ոչ այնքան արժեք է, որքան արժեքների նախապայման:


Եթե չկա ցանկություն, ավելորդ է խոսել հնարավորությունների մասին, այդ դեպքում ավելի շուտ պետք է մտածել ոչ թե արհեստական և պարտադրված կարիքների բավարարման, որոնք ներկայանում են որպես ձևավորված ցանկություն (խոսքի ազատություն, հաշմանդամների, կանանց, երեխաների, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, բնակլիմայական խնդիրներ), այլ ցանկության մասին որպես կոնստրուկտի կամ մի բանի, որը դեռ պետք է ձեռք բերել` ենթադրելով, որ այն դեռ չունենք:«Այստեղ և հիմա»-ն` որպես ձևավորված ցանկության հանգրվան, նույն չափով վերաբերում է արվեստի ցանկությանը, եթե հավատում ենք, որ արվեստը բացի մշակութային, քաղաքական, սոցիալական, անհատական պայմանավորիչ գործոններից, ունի նաև ինքնավար զարգացման որոշակի պատմություն:

«Այստեղ և հիմա»-ն առավել չափով վերաբերում է ժամանակակից արվեստագետի ցանկությանը, չնայած դժվար է ասել, թե որքանով է այդ ցանկությունը չպարտադրված և բնական: Ինչպես Աբրահամը դանիացի փիլիսոփայի մեկնության մեջ, որ ներկայացնում էր պոետի ներբողն առ հերոս, այնպես էլ ժամանակակից արվեստագետն իր  ցանկության իրագործմանը սպասում է «այստեղ և հիմա», իսկ հավերժությանը նայում է ոչ թե որպես պարգև կամ միակ հնարավոր «այնտեղ և հետո», այլ որպես «այստեղ և հիմա» կատարված ցանկության տրամաբանական հետագիծ: Ինչպես Աբրահամի հավատն էր վերաբերում հենց այս կյանքին, քանի որ միայն այդ կերպ էր հավատը ռեալիզացվում, այնպես էլ ժամանակակից արվեստագետը խաղադրույք չի կատարում հավերժության վրա` նախընտրելով «այստեղ ու հիմա»-ն: Քանի որ նա, ով ընտրում է հավերժությունը, զգալորեն սահմանափակում և նվազեցնում է իր ցանկության` «այստեղ ու հիմա» իրագործվելու հնարավորությունը:

 Իսկ նրա համար, ով հավատում  ու խաղադրույք է կատարում այս կյանքի վրա, այլ կերպ ասած` հավերժության փոխարեն ընտրում է  «այսօր ու հիման», պահպանում է և հավերժությանը տիրանալու հնարավորությունը, ինչպես Աբրահամի դեպքում էր:

Այլ կերպ ասած` ժամանակակից արվեստագետն անհնարինը` հավերժությունը, դարձնում է հնարավոր այստեղ և հիմա ու դեռ մի բան էլ ավել` հետագա հավերժության չբացառումով: Իհարկե, սխալ կլինի մտածել, թե հավերժությունն այս ընտրությունից չի տուժում: Չէ որ այս դեպքում էլ հավերժությունը վեր է ածվում  «իսկության» տակ ներկայացող «այստեղ ու հիմա»-ի գեղարվեստական փաստագրության:

Բայց քանի որ վաղուց պարզ է, որ արվեստի և դրա կոնկրետ դրսևորման մասին ցանկացած գիտելիք անխուսափելիորեն միջնորդավորված է և որ այդ միջնորդավորված գիտելիքներից ոչ մեկն արտոնություն չունի «իրականության» նկատմամբ, ապա լավագույն դեպքում  ժամանակակից արվեստի գործի հավերժությունը վեր է ածվում ժամանակակցի գեղարվեստական փաստագրության: Աբրահամը ևս պայքարում էր ժամանակի դեմ, բայց «այստեղ և հիմա»: Ցանկացած անհատ ընդհանուրի մեջ ունի իր նպատակը, և անհատի, այդ թվում անհատ  արվեստագետի  էթիկական խնդիրն է այդ ընդհանուրի մեջ իրեն անընդհատ արտահայտելը` առաջին հայացքից հրաժարվելով եզակիությունից, որպեսզի դառնաս ընդհանուր:

Բայց եզակիությունն այն չափով է բարձր դառնում ընդհանուրից, որ չափով որ հայտնվում, լինում  և ընդգծվում է ընդհանուրի ոլորտում` այդկերպ դառնալով եզակի:

Անհատ արվեստագետը չի ստեղծագործում պետության շահերի համար կամ քաղաքացիական նպատակադրությամբ, նրա ստեղծագործությունն առաջին հայացքից կարող է ոչ մի կապ չունենալ ընդհանուրի հետ, ավելի շուտ հանդիսանալ ստեղծագործողի մասնավոր, անձնական գործը: Հիմնականում դա լինում է այն ժամանակ, երբ եզակի մարդը բացարձակ հարաբերության մեջ է մտնում բացարձակի հետ: Նրա այդ իրավունքը ևս պարադոքս է, աբսուրդ, որովհետև նրա իրավունքը ևս կայանում է իր եզակիության մեջ: Ինչպե՞ս է այդ եզակիության հնարավորությունը իրավունք դառնում, եթե հաջողությամբ կարելի էր շատ բան համահարթեցնել` առաջնորդվելով հասարակական, պետական կամ քաղաքացիական պարտքով: Հաճախ համարում են, որ ավելի հեշտ ոչինչ չկա, քան գոյություն ունենալ եզակիության մեջ, և այդ պատճառով անհրաժեշտ են համարում մարդկանց ստիպել հարել ընդհանուրին: Եզակիության մեջ որպես ինդիվիդում գոյություն ունենալը, թերևս, ավելի դժվար է, բայց ավելի գովելի, միաժամանակ ավելի մոլորեցնող, որ թակարդ կարող է լինել նրա համար, ով արժեր, որ հարեր ընդհանուրին:

Նման օրինաչափությամբ է, որ կուրատորը, ով այլևս որպես արվեստագետ իր նախնական եզակիության մեջ չի կարող որպես ինդիվիդում և եզակիություն գոյություն ունենալ, ներքաշվում ընդհանուրի մեջ` առաջին հայացքից հրաժարվելով եզակիությունից, ընդհանուրի մեջ անընդհատ արտահայտվելով և ընդգծվելով վերագտնում իր նախնական եզակիությունը:

Комментариев нет:

Отправить комментарий