Նկարներ

Նկարներ
Ես

вторник, 12 июля 2011 г.

Բայց ի՞նչ կա չհավատալու


Ասում են` մահվան հրեշտակը, որ  գալիս է մարդու մոտ`  նրա մարմինը հոգուց  բաժանելու համար, ամբողջովին ծածկված է աչքերով: Ասում են նաև, որ այդքան շատ  աչքերը հրեշտակի համար չեն, ով ամեն ինչ տեսել է երկնքում: Լինում է  այնպես, որ մահվան հրեշտակը, գալով հոգու հետևից, համոզվում է, որ շատ վաղ է եկել, որ մարդու համար դեռ չի եկել կյանքը թողնելու ժամանակը: Նա չի դիպչում մարդուն և չի երևում նրան, բայց նրան լքելուց առաջ  թողնում է իր անթիվ աչքերից ևս երկու աչք:
Հովհաննես Իշխանյանի պատմվածքների հերոսները  կյանքին  նայում են սխալ ժամանակ եկած մահվան հրեշտակի պարգևած  հավելյալ աչքերով: Հայտնի էլ չի` այն, ինչին հերոսները նայում են, կյա՞նքն է, թե՞ մահը, բանա՞կը, թե՞ քաղաքացիական կյանքը: Հստակ պատասխան չկա:

ծառայողական կյանքում  էնքան բան տեսանք, որ գռաժդանսկի կյանքում սկի 20 տարվա մեջ էդքան չէինք տեսնի: Որտև ծառայությունը գռաժդանսկի կյանքի արագացված տեսակն ա: Ստե ամեն ինչ ավելի շուտ ա ըլնում:

Նույն հաջողությամբ  հեղինակը կարող էր ասել, որ կյանքը մահվան դանդաղեցված տեսակն ա: Ակնհայտությունը, առողջ դատողությունը կամ 2x2=4-ն արդեն կյանքը չի, այլ մահվան սկիզբը, բանակը, որտեղ կանոնները խախտելու դեպքում պատժվելու ես, բայց կարող ես ոչ մի կանոն չխախտել և էլի պատժվել:

Քրիստոսը մեռավ, եթե չմեռներ, տասնմեկ պատվիրան կլիներ, տասնմեկերորդը` մի՛ մեռեք, իսկ իրա հերն իրան ասում էր` ոնց անի, որ ապրի, մերը ասում էր` ոնց անի, որ չմեռնի, բայց հերն ա աստվածը, հորն են բոլորը լսում, մերը կույս ա, իրա խրատները կույս են:

Գործել, ստեղծել, կառուցել Հովհաննեսի արձակի հերոսները չգիտեն ու կարծես  չեն էլ ուզում,  որտեղ էլ որ նրանք լինեն, ամեն տեղ անհեթեթ իրադրություններ են, քաոս, աբսուրդ, ոչինչ ոչնչով պայմանավորված չէ:  «Աշխարհի վերջը» պատմվածքի հերոսն առավոտյան  մտնում է  հավաբուն, հավերի տեղ աղջիկներ է գտնում, սկզբում չի հավատում, հետո մտածում է`  «բայց ի՞նչ կա չհավատալու»: Զինվորական երթում քայլող զինվորի ձեռքին շաքարավազ է` որպես վերակարգ եղած ժամանակ վախից ստացած իր հիվանդության նշանը, անգղներն ուտում են զինվորների ծառայած դիակները: Մեկն իր վախին է վախեցնում, մյուսն իր մահն է սպանում և հոգիների հետ զրույցի բռնվում:

Փոքր ախպերս մրջյուններ էր սատկացնում: Ասում եմ.  «Գևորիկ, ի՞նչ ես անում»,  ասում ա.  «Հրեա եմ սպանում», ասում եմ. «Էդ հրեա չի, մրջյուն ա», ասում ա. «Սրանց վրա եմ պարապում, որ մեծանամ, մեծ հրեաներին սպանեմ»,  ասում եմ.  «Բայց հրեաները քեզ ի՞նչ են արել, որ ուզում ես սպանես», ասում ա. «հըլը չեն արել, բայց որ չսպանեմ, կանեն»:

Անհեթեթություն և քմահաճույք` առանց տարբերվելու դիտավորության: Ի վերջո, ինչն է մատնում նմանությունն ավելի շատ, քան տարբերվելու ցանկությունը: Մենք չենք ուզում բոլորի նման լինել, մենք հենց բոլորն ենք, որ կանք: Հովհաննես Իշխանյանի գրականությունը քամահրում է տարբերության  ցանկացած նախաձեռնություն:

Ձեզ թվում ա, որ բառադի էի, չէի ուզո՞ւմ ապրեի, ո՞վ ասեց, թե բառադին հենց բառադիության համար չի ապրում, հենց բառադիությունից կայֆ չի ստանում: Փոքր էի, երբ մի խելացի մարդ ինձ ասեց, որ մարդ պիտի կյանքում էն անի, ինչից հաճույք ա ստանում, իսկ ես իմ հաճույքները ստանում էի խմելուց, քանի՞ մարդ կգտնես աշխարհում, որ իրա արածից հաճույք ա ստանում: Էդքան էլ շատ չեն երևի, բայց դե մեկը ես էի, մյուսները զամպալիտները ու ընենց էղավ, որ կյանքից հաճույք ստացող մարդկանցից հաղթեց էն, ով ուրիշներին հաճույքից զրկելուց էր հաճույք ստանում:

Իր քմահաճույքներով հեղինակը դուրս է գալիս հենց ակնհայտությունների դեմ: Հովհաննեսը պաշտպանում է իր քմահաճույքը և  քանի որ գրում է` ցանկանում է, որ այն երաշխավորվի` իր գրականությունը վերածելով քմահաճույքների երաշխավորագրի:


«Լավ բանակ»-ը քմահաճույք-անհնարինությունն է, իսկ «վատ բանակը»` ակնհայտությունը, որի դեմ դուրս գալ հնարավոր է քմահաճույքով: Ակնհայտությունն իրադրություն է, որտեղ անձնական փորձի վրա հիմնված քմահաճույքը միայն կստիպի քեզ ասել, որ զինվորը կուշտ է, ոչ թե սոված, ուրախ է, ոչ թե տանջվելով քարշ է տալիս իր բանակի օրերը, կարդացող է, ոչ թե անգրագետ, ընկեր է, ոչ թե քցող: Այսպիսի քմահաճությամբ է մակագրել Հովհաննեսն իր անձնական բանակային լուսանկարները:

Բանակի ամենահետաքրքիր բանը էն ա, որ մի օր բանակից պրծնում ես: Չկա անհայտ զինվոր, որը չմոռացվի:

Ինչը կարող է լինել ավելի  սովորական, ավելի  «հայտնի», որքան բանակի մասին մեր պատկերացումը: Միևնույն երևույթի, տվյալ դեպքում  «հայտնի» բանակի հետ մի քանի անգամ առնչվելու պարագայում` այն ճանաչելու ընթացքը դառնում է  մեքենայական, որի արդյունքում  «հայտնի»  բանակի ընկալումը թարմացնելու համար անհրաժեշտ է դառնում ծանոթը`  «վատ բանակը», անծանոթի`  «լավ բանակ»-ի իմաստային տարածք տեղափոխելը: Այստեղից էլ անհեթեթ և անակնկալ իրադրությունը`  ծանոթը որպես անծանոթ ներկայացնելը:

                                         Զարթնեցի ու տեսա, որ լացում եմ:
                                            Հարցրեցի ինձ` ինչո՞ւ եմ լացում,
                                         Պատասխանեցի` որովհետև ծառայում եմ:

Ավանդաբար քմահաճույքը` գրականության մեջ, թե կյանքում,  ամեն կերպ ուզում են սպանել կամ ավելի հաճախ` տարրալուծել սկզբունքի և կանոնի մեջ: Քմահաճույքի դասական բանաձևը սա է` աշխարհը կործանվի՞, թե՞ իմ բաժին թեյն ինձ հասնի: Սա էլ հենց այն քմահաճույքն է, որն ուզում է  երաշխավորվել:


Հովհաննես Իշխանյանի գրականության հերոսներն առաքինի չեն, առաքինություն չեն էլ փնտրում, քանի որ առաքինությունը չի ապրում իր կյանքով, այն ապրում է ընդունելությամբ, իր ողջ ուժերը ստանում է արձագանքից և ընդունելությունից, որը ևս ակնհայտության կամ 2x2=4-ի հարազատ քույրն է, ինչի դեմ պայքարում է  գրողն իր քմահաճույքներով:


Իսկ հեղինակը չի ձգտում, որ իր գրականության  հետ հաշվի նստեն և գուցե դա իր ամենալավ հատկանիշն է: Սա մեծ հաշվով անտարբերությունն է գրականության մեջ, երբ դու գրում ես` անտարբեր մնալով, այստեղից էլ ոճի որոշակի սառնությունը և օտարվածության աստիճանը: Հեղինակն անտարբեր է, բայց շարունակում է գրել, որովհետև անտարբերությունն էլ պահապան դիմակ է: Մասնավորապես, այն պահպանում է կեղծիքից, որովհետև կեղծիքը գրականության մեջ ընթերցողին համբերությամբ  սպասում է այնտեղ, որտեղ համապրումի կամ վերաբերմունքի չափազանցությունն է:

Կյաժո ջան, գրի մեկ-մեկ: Թե չէ, ինչ մեռել ես, քո մոտից մենակ մի անգամ ենք նամակ ստացել, էն էլ` Էլվիս Փրեսլիից, ու էն էլ` քրոջդ, ու էն էլ` ուղարկում էր գրողի ծոցը: Մի տարի առաջ Ջեքսոնն էլ մեռավ: Կյաժո ջան, կարա՞ս  ճշտես իսկականից մեռե՞լ ա, թե՞  չէ, մեկ էլ, եթե մեռել ա, ասա մի հատ էլ ինքը նամակ գրի էլի:

Կրոնական աշխարհայացքից կիլոմետրերով հեռու լինելով` Հովհաննես Իշխանյանի պատմվածքները մեծ հաջողությամբ կվկայեին Տերտուլիանոսի հայտնի խոսքերի համար`  «Հավատում եմ, որովհետև աբսուրդ է»: Այստեղ անհայտն ու անհնարինը պակաս կարևոր չեն հայտնիից ու հնարավորից, ոչինչ չի բացառվում, ամեն ինչ հնարավոր է: Էլ ի՞նչ է պետք հավատացյալի աշխարհայացքի համար: Հովհաննեսը հավատացյա՞լ: Բայց ի՞նչ կա չհավատալու: Հավատում եմ, որովհետև աբսուրդ է: 


   Պրծավ աշխարհի վերջը:
           Բոլորս վեր ենք կենում:
          - Բայց ցավոտ էր աշխարհի վերջը, - ասում եմ:
         Ու բոլորը գնում են իրենց տուն:
        Հաջորդ առավոտ զարթնում եմ: Մտնում եմ հավաբուն, տեսնում, որ հավերի տեղը աղջկերք են, սկզբում չեմ հավատում,      հետո մտածում եմ. «բայց ի՞նչ կա չհավատալու»:

Комментариев нет:

Отправить комментарий